Ֆինանսների նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունները

   ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Այնուհետև նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները և Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը:

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցություն ցուցաբերել ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների և հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: