Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը:
«Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի ու Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ նաև Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել», — նշեց Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին:
«Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող գործելակերպով», — նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Աղաջանյանը վստահեցրեց՝ Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե: