Թուրքական ԶԼՄ-ներին զայրացրել է քուրդ զինյալի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ցավակցությունը

  ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ցավակցություն է հայտնել  «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF)  կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով:

Ցավակցությունը հրապարակվել է CENTCOM Twitter-ի պաշտոնական էջում:

Ջիյան Էֆրինի հետ միասին սպանվել են ևս երկու քուրդ կին զինյալներ:

«SDF-ի փոխհրամանատար Ջիյան Էֆրինը, երկու զինյալների հետ միասին սպանվել է Սիրիայում՝ Ղամիշլիից ոչ հեռու: Սալվան  SDF-ի կարևոր առաջնորդներից էր: Նա ղեկավարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունները 2017թ-ից ի վեր:  CENTCOM-ը ցավակցում է նրա ընտանիքին, Սիրիայի հյուսիս-արևմուտքի բնակչությանը և SDF-ի մեր գործընկերներին»,-ասված է հայտարարության մեջ:

Վերոնշյալ ցավակցությունը խիստ զայրացրել է թուրքական ԶԼՄ-ներին, որոնք մեղադրել են ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին աջակցելու մեջ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կառույց:

Տեղեկացնենք, որ թուրքական մամուլում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում շարունակում են հնչել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ծրագրեր:

Ermenihaber.am