ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Վարդան Գագիկի Գեւորգյանին եւ նրա կնջը՝ Աննա Գագիկի Ամրոյանին, որոնք օգոստոսի 1-ին հրավիրվել են դատախազության վերոհիշյալ վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ azdarar.am կայքից։
Վարդան Գեւորգյանը, հիշեցնենք, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալն էր (2016-ից), իսկ մինչ այդ էլ եղել է ՀՀ վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ, տարբեր պաշտններ զբաղեցրել հիշյալ կառույցում։ Գեւորգյանն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել է 2019 թ․-ի մայիսին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2019 թ․ իր հայտարարագրում (պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած գույքի եւ եկամուտների) նախկին փոխնախարարը չորս բնակարան եւ մեկ ավտոտնակ է հայտարագրարել, ինչպես նաեւ 4 մլն 800 հազար դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար, 2 հազար 500 Եվրո դրամական միջոց եւ որպես եկամուտ՝ 1 մլն 574 հազար 357 դրամ աշխատավարձը։
Հիշեցնենք, որ 2018-ին, երբ ԱԺ-ն քննարկում էր «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, այն ներկայացնող Վ․ Գեւորգյանը հայտարարեց, թե «այս նախաձեռնությամբ բացահայտում ենք մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող կազմակերպությունների իրական սեփականատերերին»: Իսկ ահա արդեն 2020 թվականին իրավապահ համակարգը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց մասնակցությամբ գործած կոռուպցիոն հանցախումբ բացահայտեց: Այս առթիվ հարուցված քրեական գործով այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունի նաեւ Վ․ Գեւորգյանը, նրանից բացի՝ նախարարության եւս 5 աշխատակից՝ Գևորգ Սպարտակի Հովսեփյանը, Գագիկ Գրիգորի Հարոյանը, Անուշավան Կառլենի Այվազյանը, Ասլան Մխիթարի Տոնոյանը, Արամ Գրիգորի Ադամյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար, որ նա, 2016 թվականից զբաղեցնելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ և համակարգելով ընդերքի ոլորտը՝ ի պաշտոնե լիազորություն ունենալով ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման կապակցությամբ համաձայնություն կամ մերժում տալու, 2017-2018թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով՝ ընդունել է նույն նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գևորգ Սրապիոնի Հովսեփյանի առաջարկը՝ ընդերքօգտագործման թույլտվություն տրամադրելու համար վերջինիս դիմած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ՝ թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախագծերը և մյուս փաստաթղթերը կազմելու ու դրական արդյունք ապահովելու դիմաց:
Այդ առաջարկության կապակցությամբ նախնական համաձայնության գալով Գեւորգ Հովսեփյանի, տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված անձանց՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Անուշավան Կառլենի Այվազյանի, նույն գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի հետ, Վարդան Գևորգյանը, կաշառքի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված հնարավոր բարենպաստ պայմաններում և ժամկետներում իրավաբանական անձանց փաստաթղթերը կազմելու ու ընդերքօգտագործման իրավունքի թույլտվություն տալու դիմաց, Գևորգ Հովսեփյանին դիմած և կաշառք տալու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից, խմբի կազմում, ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ»: Այս գործով դատական մի քանի նիստ է տեղի ունեցել, վերջին նիստը հուլիսի 8-ին էր, ըստ datalex.am-ի՝ «դատական նիստը հետաձգվել է՝ մեկ այլ հերթի»:
Նշենք, որ Վ․ Գեւորգյանը ժամանակին եղել է նաեւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը։ Շարունակում է արդյոք նախկին պաշտոնյան լինել ԲԷՑ խորհրդի կազմում։ «Վարդան Գեւորգյան անունուն, ազգանունով խորհրդի անդամ եւ խորհրդի նախագահ ԲԷՑ ՓԲԸ-ն չունի»,- civic.am-ին պաշտոնապես հայտնեցին ԲԷՑ-ից։
Ելենա Ազատյան