«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին:
Մխիթար Հայրապետյանը կոմիտեի նախագահին ներկայացրել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակում ուսանողների համար դասախոսություններ են կարդալու արտերկրի առաջատար բուհերից հրավիրված հայազգի գիտնականները:
«Հանդիպման ընթացքում անդրադարձել եմ հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերին: Այս համատեքստում խոսել ենք բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասի խնդրի մասին, ինչպես նաև ընդգծել բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների անհրաժեշտությունը:
Արտյոմ Մեհրաբյանը, իր հերթին, անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպմանը, կարևորել կրթության միջոցով մեր երկրում համապատասխան մասնագետների պատրաստումը:
Հանդիպման ավարտին նշել եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի և համայն հայության կարևորագույն, մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, կատարել երկարաժամկետ ներդրումներ՝ համառ, տևական ու հետևողական աշխատանքի միջոցով ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին»,- գրել է նա։