ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին՝ փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել վերջիններիս. արդյունքում՝ ոստիկանական շղթան ճեղքելու փորձերը հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգությունների վերածվելու և դրա հետևանքով չորս տասնյակից ավել ոստիկանության աշխատակիցներին ծանրության տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր համապատասխան քրեական գործը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 17 անձանց առաջադրվել են մեղադրանքներ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից երեքի՝ Գ.Կարապետյանի, Ռ.Աբրահամյանի և Ա.Խաչատրյանի մասով նախաքննությունը 2022 թվականի հուլիսի 14-ին ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի հունիսի 7-ին որոշում է կայացվել քաղաքացի Գ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին) որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու՝ անհնազանդության և ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրացնելու վերաբերյալ՝ երթը համակարգողների հրապարակային կոչերից հետո ոստիկանության աշխատակիցներին սադրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու միտումով՝ պատնեշ կազմած ոստիկանների սաղավարտներին ձեռքերով հարվածելու, ոստիկանության աշխատակիցների կանխարգելիչ գործողություններին բացահայտ հակադրվելու, վերջիններիս օրինական պահանջներին չենթարկվելով՝ իր ձեռքում գտնվող քարը և շիշը ոստիկանների ուղղությամբ նետելու համար:
Քննությունից թաքնվելու հիմքով մեղադրյալ Գ.Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
2022 թվականի հուլիսի 29-ին Գ.Սարգսյանը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Մեղադրյալ Գ.Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: