ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախությամբ, կաշառքի պատրվակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչն, իր օժանդակությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու պատրվակով, ծրագրել և պլանավորել է մեկ միասնական դիտավորությամբ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Այսպես. վերջինս, ներկայանալով ոստիկանության համակարգի նախկին ծառայող և ոստիկանությունում կայուն կապեր և մտերիմներ ունեցող անձ, իրեն դիմած մի շարք քաղաքացիների կեղծ խոստումներ է տվել, թե իբր տվյալ ոլորտի պաշտոնատար անձանց իր միջոցով փոխանցված կաշառքի դիմաց կարող է կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց: Քաղաքացիների շրջանակը մեծացնելու նպատակով, 54-ամյա տղամարդը հանդիպել է ավտոմեքենա վարելու դասընթացներ կազմակերպող ընկերության երկու աշխատակիցների հետ և թաքցնելով խարդախությամբ գումար հափշտակելու իր իրական մտադրությունը, նրանց ևս տեղեկացրել է, որ հանդիսանում է ոստիկանության համակարգի նախկին ծառայող, հայտնել, թե իբր կարող է իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով, որպես կաշառք փոխանցված գումարի դիմաց, կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթաց՝ նրանց առաջարկելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիներ լինելու դեպքում դիմել իրեն՝ դրա դիմաց խոստանալով գումար. նշված աշխատակիցները նպաստել են վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկություն ունեցող 4 քաղաքացիների և 54-ամյա տղամարդու միջև կաշառքի շուրջ համաձայնությանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 54-ամյա տղամարդը 25 քաղաքացիներից ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.148.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ՝ 54-ամյա տղամարդը, տեղեկանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի՝ աշխատանքի ընդունվելու ցանկության մասին, կրկին ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ոստիկանությունում կայուն կապեր ունեցող անձ, հավաստիացրել, որ կարող է այդ հարցում օգնել, որից հետո, կաշառք տալու փորձի դրդչությամբ, մաս-մաս նրանից ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի 550.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել կաշառք տալու փորձ կատարած 23 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ գործուն զղջալու հիմքով, նույն հիմքով մեկ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), հիշյալ 2 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով, 3 քաղաքացիների՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: