Շուշիի և Լաչինի շրջանների հատման կետում լարվածությունը պահպանվում է․ ԱՀ ՄԻՊ

  Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝  նշելով, որ խոսքը, մասնավորապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածն է։

Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը պետք է կազմակերպվի նոր երթուղով, Ստեփանյանը պատասխանեց.

«Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։ Այսինքն՝ այս գործելաոճն Ադրբեջանը բազմաթիվ անգամ կիրառել է։ Ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ լարում է իրավիճակը, այսինքն՝ ուղիղ անպարտելի եւ լկտի ձեւով սպառնալիք է գործադրում։ Այդ սպառնալիքի ներքո պարտադրում է հայկական կողմին որոշակի հարցերում գնալ զիջումների։ Վստահ եմ, որ այս էսկալացիայի առաջին նպատակը ճանապարհի փոփոխության հարցը լուծելն է»։