Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ժողովրդին հայտնի՝ Փարաքարի «ԳԱԻ պոստի» դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Հուսիկ Ս․-ի վարած Ford Transit մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Արա Կ․-ի վարած Scania մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարաննի Հարոյանն ու Ազատ Սահակյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford Transit-ը հայտնվել է «ԳԱԻ պոստի» դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ Scania-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշին ու էլեկտրասյանը, մասամբ վնասվելով սյունը և կոտրելով նրա վրա տեղադրված էլեկտրական լամպը։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի shamshyan.com