ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները, հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն եթե/երբ ԱՄՆ-ն դրսևորի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրեք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանի, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»,- գրել է Սփիերը։
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Մոտ երկու տասնյակ զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։