Բժշկական համալսարանը ձեռք է բերել Երիտասարդական հիմնադրամի շենքը. Civilnet

 Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը ձեռք է բերելու Երևանի պետական բժշկական համալսարանը։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այդ մասին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

Օգոստոսի 8-ին կոմիտեում կայացել է աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է Բժշկական համալսարանը, նա էլ ճանաչվել է հաղթող։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ, սա էլ կլինի գործարքի գինը։ Տասնօրյա ժամկետում համալսարանը համապատասխան վճարում է իրականացնելու, որից հետո կկնքվի առքուվաճառքի պայմանագիր։

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ շենքի գնորդը լինելու է համալսարանը, մտադիր են այս շենքն օգտագործել որպես համալսարանի մաս։ «Այդ շենքում տեղակայվելու են արտասահմանցիների համար նախատեսված ֆակուլտետներ, քանի որ Բժշկական համալսարանում արտասահմանցիների քանակը շուրջ 41 տոկոս է»,- ասաց Դանիելյանը՝ շեշտելով, որ Երիտասարդական հիմնադրամի այս շենքը ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու իր միջոցներով, համալսարանը ֆինանսական որևէ խնդիր չունի և 1000 խոշոր հարկատուների ցանկում է։

Այս շենքը 2010-ից Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գրասենյակն էր, 2019-ից սկսվեց հիմնադրամի լուծարման գործընթաց։ Հիմնադրամի լուծարման դատական գործի տեղեկությունների համաձայն՝ շենքի կադաստրային արժեքը 273,5 մլն դրամ է։ Շենքի ընդհանուր մակերեսը մոտ 1200 քառակուսի մետր է, իսկ հողամասինը՝ 476:

civilnet.am