Ռուսաստանը խնդրել է օգոստոսի 11-ին անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա Ուկրաինայի հարձակումների հետ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
ТАСС-ի տեղեկության համաձայն՝ Ռուսաստանը խնդրել է, որ նիստին մասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ որպես զեկուցող:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել էին ատոմակայանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը Ռուսաստանին կոչ է արել Ուկրաինային վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ի լիակատար վերահսկողությունը:
«Ատոմակայանի մոտ մարտական գործողություններ վարելը վտանգավոր է: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ուկրաինական միջուկային օբյեկտներում կամ նրանց մոտակայքում, ինչպես նաև վերադարձնել Ուկրաինային այդ օբյեկտների նկատմամբ լիակատար վերահսկողությունը»,- նշել է պաշտոնյան։