ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունները։
«Քաղաքական սերտ շփումների հետ մեկտեղ ակտիվ աշխատանք է տարվում նաև ՌԴ խաղաղապահների հետ, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում բազմիցս ընդգծել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կարևոր դերը։»,- ասել է նա։
Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին և 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփվել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ըստ նրա՝ վերոնշյալ բոլոր հարցերը, այդ թվում Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը, քննարկվում են` և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի համար ընդունելի լուծման հասնելու համար։ Հաշվի առնելով, որ խնդիրը բավական զգայուն է, ռուսական կողմը քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները չի հայտնում։