Ինչու է կալանքից ազատ արձակվել «Դիմադրություն» շարժման անկարգության վերածված երթի ժամանակ մուրճով ոստիկանին սպառնացած Գրիգոր Կարապետյանը

   Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման անկարգության վերածված երթի ժամանակ մուրճով ոստիկանին սպառնացած ցուցարար Գրիգոր Կարապետյանն այսօր ազատ է արձակվել կալանքից։

Այս մասին հայտնել է փաստաբան Նարեկ Ալոյանը՝ գրելով․ «Քիչ առաջ 2022թ. հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց»։
 
Ըստ մեղադրանքի՝ Գրիգոր Կարապետյանը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Դիմադրություն» շարժումը համակարգողների և այլ անձանց հետ համաձայնեցված համախոհությամբ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացրել է բռնությամբ զուգորդված սադրիչ գործողություններ, որը վերածվել է զանգվածային անկարգությունների՝ հասարակական կարգի և անվտանգության նկատմամբ ստեղծելով իրական սպառնալիք: 

Նշենք, որ նրա հետ նույն գործով ամբաստանյալ են նաև Ռաֆիկ Աբրահամյանն ու Աղասի Խաչատրյանը։ Հուլիսի 19-ից գործը դատարանում է։ 

Չնայած ամբաստանյալ Կարապետյանի փաստաբանը հնարավոր բոլոր ԶԼՄ-ներով հայտարարում  է, թե իր պաշտպանյալի ձեռքին ոչ թե մուրճ է եղել, այլ «չալիկ»՝ ձեռնափայտ, գլխավոր դատախազությունից այսօր ճշտեցինք, որ Կարապետյանի ձեռքին իրականում մուրճ է եղել և «դա քննությամբ պարզված, հիմնավորված է»։ Թե ինչու է փաստաբանը փորձում մոլորության մեջ գցել հանրությանը, այլ հարց է։ 

Ամբաստանյալի ազատ արձակման հիմքերի առթիվ Civic.am-ի հարցին ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց․ «Դատախազությունը պատշաճ ժամկետներում՝ դեռևս 2022 թվականի հուլիսի 19-ին, այդ գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Մեղադրյալներից երկուսի, այդ թվում՝ Գրիգոր Կարապետյանի նկատմամբ խափանան միջոց է կիրառված եղել կալանավորումը: Գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում և դեռևս չի քննարկվել մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը: 2022թ. օգոստոսի 8-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրյալներից մեկը հայտարարել է, որ ինքը չի ստացել գործով մեղադրական եզրակացությունը:

Դատարանում մեղադրյալին տրամադրվել է մեղադրական եզրակացության օրինակը և դատարանը նրան տրամադրել է օրենքով սահմանված նվազագույն՝ 3 օրյա ժամկետ՝ մեղադրական եզրակացությանը ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 12-ին:

Այդ ընթացքում սակայն, օգոստոսի 10-ին, լրացել է գործով մեկ այլ մեղադրյալ Գրիգոր Կարապետյանի կալանքի երկամսյա ժամկետը, և հաշվի առնելով, որ դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը դեռևս չի քննարկել, նա ազատ է արձակվել արգելանքից»: 

Այսուհանդերձ, ըստ Աբրահամյանի, դատախազության դիրքորոշումն այն է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորող միակ հնարավոր խափանման միջոցը կալանքն է և հաջորդ դատական նիստում, որի ընթացքում քննարկվելու է խափանման միջոց կիրառելու հարցը, դատախազը հանդես կգա այդ դիրքորոշումից բխող միջնորդությամբ: 

Նշենք, որ ըստ ՔԿ-ի՝ հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, երթի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան՝ քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցնելով ոստիկաններին. արդյունքում՝ ոստիկանական շղթան ճեղքելու փորձերը հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգությունների վերածվելու և դրա հետևանքով 40-ից ավելի ոստիկանության աշխատակիցներին ծանրության տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել 17 մասնակցի։