Հայաստանում հյուրընկալվել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) օգոստոսի 10-ին հյուրընկալել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ:

Հյուրերին ողջունել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը ներկայացրել է հայ-քրդական հարաբերությունների պատմությունը, Արևելագիտության ինստիտուտում քրդագիտության զարգացման ասպարեզում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները:

Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը հանդես է եկել հայ-քրդական մշակութային փոխառնչությունների վերաբերյալ զեկուցմամբ: Նա ներկայացրել է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կողմից քրդական ժողովրդական երգերի մշակումների ուղղությամբ ծավալված աշխատանքները: Աննա Ասատրյանն Իրաքի Քուրդիստանի Մշակույթի և երիտասարդության նախարարին  և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսին նվիրել է գրքեր, որոնցում Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներն են և այդ մշակումների նոտաները: Այնուհետև հյուրերն ունկնդրել են քրդական ժողովրդական մեկ երգ:

Իրաքի Քուրդիստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ներկայացրել է Իրաքի Քուրդիստանի կառավարության քաղաքականությունը մշակույթի ասպարեզում, կարևորել է հայ-քրդական մշակութային կապերի ամրապնդումը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները: Նախարարը հույս է հայտնել, որ հայ-քրդական մշակութային, գիտական կապերն էլ ավելի կակտիվանան:

Իր հերթին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը ներկայացրել է, թե հյուպատոսության աջակցությամբ ինչպիսի աշխատանքներ են ծավալվում Իրաքի Քուրդիստանի մշակութային, գիտական ոլորտներում: Նա հատկապես ընդգծել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ ունեցած սերտ համագործակցությունը:

Կարևորվել է, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտներն ակտիվացնեն իրենց կապերն Իրաքի Քուրդիստանի մշակութային և գիտական կազմակերպությունների հետ:

Հանդիպումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am