Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին բրիտանական Middle East Eye պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։
Անանուն աղբյուրը նաև նշել է, որ Թուրքիան նման գումարային ներհոսք է ակնկալում նաև ԱՄԷ-ից և Կատարից։
Հաղորդվել է նաև, որ մինչև այժմ Ռուսաստանը Թուրքիային 7 մլրդ դոլարի ֆինանսական փոխանցում է կատարել։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը նախորդ ամիս Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքիայում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, իսկ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մոտենում է արժեզրկման ռեկորդի սահմաններին։ Այս ամենը հաղթահարելու համար Թուրքիայի իշխանությունները կիրառելով տնտեսական քաղաքականության ողջ գործիքակազմը՝ «ապավինում են տարբեր երկրների օգնությանը»։