Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում Իրանի նախկին դեսպան, ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Սեյեդ Կազեմ Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի:
Իրանի ԱԳՆ-ն նման պարզաբանմամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ տարբեր, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում տարածվել են Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով «Թվիթեր»-ում գործող օգտահաշվին հղմամբ նյութեր:
Մասնավորապես, օգոստոսի 11-ին հայկական լրատվամիջոցներում տարածում է ստացել «Թվիթեր»-ում Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով օգտահաշվից մի գրառում, որում նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: «Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում», — ասված է գրառման մեջ:
Այս գրառումն ակտիվորեն տարածվել է հայկական լրատվամիջոցներում, նման բովանդակությամբ հոդված է հրապարակել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որն այս պահին հեռացվել է՝ հիմք ընդունելով իրանական IRNA գործակալության հրապարակումը, որում Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սեյեդ Կազեմ Սաջադին որևէ սոցիալական ցանցում, այդ թվում՝ «Թվիթեր»-ում օգտահաշիվ չունի: