ՀԴԲ-ն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի եւ Փալմ Բիչի կալվածքների խուզարկության ժամանակ փորձել է գտնել գաղտնի փաստաթղթեր՝ կապված նաեւ միջուկային զենքի հետ, տեղեկացրել է The Washington Post-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանք լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացրել, թե «ինչ ինֆորմացիա են փնտրել գործակալները» կամ արդյոք հայտնաբերվել են նման ինչ-որ փաստաթղթեր։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր CNN-ը, քրեական հետաքննությունը սկսվել էր Ազգային արխիվից վերցված եւ կորած փաստաթղթերի հետ կապված, արխիվը քրեական գործը հանձնել էր արդարադատության նախարարությանը, երբ հայտնաբերել էր, որ խիստ գաղտնի փաստաթղթեր են եղել Մար-ա-Լագոյից հունվարին առգրավված նյութերի մեջ։
Աղբյուրի խոսքով՝ արխիվը հայտնաբերել է, որ 15 տուփերում գտնվել են որոշ նյութեր, որոնք եղել են հատուկ հասանելիության ծրագրի (SAP) մի մասը, որը ներառում է տեղեկատվության հասանելիությունը զգալիորեն սահմանափակող արձանագրություններ։
Չնայած գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը հրաժարվել է խուզարկության կոնկրետ մանրամասներ նշել, նա հայտարարել է, որ «անձամբ է հավանություն տվել» Թրամփի Ֆլորիդայի տանը խուզարկություն կատարելու օրդեր տալուն։