Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։
Սկզբնաղբյուրի փոխանցմամբ՝ մինչ դեպքի վայրում աշխատել են քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։ Պարզվել է, որ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, որը սպանվածի ամուսինն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։
Դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել՝ դիակների դատաբժշկական փորձաքննություններ։