ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ ՓՈՂՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԴԵՊՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը:
Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, նշված հասցեում՝ բազմոցի վրա, արնաշաղաղ վիճակում, հայտնաբերել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դի՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև՝ երկաթյա ձող՝ արնանման հետքերով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 54/11 հասցեում, տուժողի և նրա 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Հնդկաստանի՝ 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: