Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի ԵՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի և պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում ԵԽ պատգամավորները շեշտել են՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ չարդարացված ագրեսիան հանդիսանում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը։ Նրանք հիշեցրել են, որ հայկական կողմն այս պահին պաշտոնապես հաստատված 49 զոհ ունի, թվերը ճշտվում են:
«Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ, նախապես ծրագրված, կանխամտածված ագրեսիան՝ հրատապ անհրաժեշտություն կա ԵՄ-ի կողմից ձեռնարկելու վճռական և համարժեք գործողություններ, քայլեր՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կանխելու հետագա էսկալացիան տեղում: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է հրատապ, բազմամակարդակ միջամտություն ունենա՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիան և համոզվելու, որ այն չի կրկնվի՝ արդյունավետ պատժամիջոցների մեխանիզմի կիրառման միջոցով։ Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին և Ադրբեջանի անկասելի ագրեսիայի, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ապրող հայ ժողովրդին»,-շեշտել են ԵԽ պատգամավորները:
Նրանք նաև ԵՄ բարձր ներկայացուցչին խնդրել են հնարավորինս շուտ տեղեկացնել իրենց, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու՝ երաշխավորելու, որ ԵՄ-ն կարող է պատասխանատվությամբ և արդյունավետ կերպով պաշտպանել Հայաստանին։
Բորելին դիմած պատգամավորների թվում են Էմանուիլ Ֆրագկոսը, Լարս Պատրիկ Բերգը, Բեատա Կեմպան, Եվա Կաիլին, Կոստաս Մավրիդեսը և այլք:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։