Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ:
«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին:
ԻԻՀ նախագահի և ՀՀ մեծարգո վարչապետի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում մեր այս սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է:
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած ընդհարումների նոր փուլի կապակցությամբ և խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորմանը աջակցելու ուղղությամբ պատրաստակամություն հայտնելու հետ մեկտեղ հստակորեն ընդգծել է, որ Իրանի համար կարևոր է երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և այն, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է, և պետք է մնա առանց փոփոխության»,- ասված է դեսպանության մեկնաբանությունում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան
1lurer.am