Հայաստանը դատապարտված չէ՛

Ստորեւ ներկայացնում ենք Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի` «Հայաստանը դատապարտված չէ» խորագրով խմբագրական հոդվածը, որը լույս է տեսել հունական հեղինակավոր ethnos.gr լրատվական կայքում։
 
 
 «Հայաստանը դատապարտված չէ»

 

 

«Երևանի խանությունը (այսինքն՝ Երևանը), Գյոկչայի (այսինքն՝ Սևանա լիճը) և Զանգեզուրի (այսինքն՝ Սյունիք) մահալները մեր պատմական հողերն են։ Կգա ժամանակ, երբ մենք այնտեղ կապրենք։ Ես հավատում եմ դրան և համոզված եմ դրանում։ Դրան հասնելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է ջանքեր գործադրի»։

Իլհամ Ալիև, 18 սեպտեմբերի, 2013թ.

 

Մի քանի տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ հոդված կսկսեմ` Ադրբեջանի նախագահին մեջբերելով։ Բայց եթե պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, դա այն է, որ մենք երբեք չպետք է անտեսենք բռնապետերի ձեռնարկներից բխող սպառնալիքները կամ այլ տեսակի ուղերձները։

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ղեկավարը վերսկսել է Հայաստանը մասնատելու և «պատմական հողեր վերադառնալու» իր փորձերը, թեև զարմանալ կարելի է 1918 թվականին ստեղծված պետության` Ադրբեջանի «պատմական» պահանջների մասին, որն ունի մեկ այլ պետության` մ.թ.ա. 6-րդ դարից սկսած աշխարհի քաղաքական քարտեզներում առկա Հայաստանի նկատմամբ։ Բայց սա չի հետաքրքրում այն ղեկավարին, ով շատ տարբեր պատկերացումներ ունի միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ և ով բազմիցս կրկնել է իր համոզմունքը, որ ուժն է ծնում իրավունքը։

Կարծես թե այս մտածողությամբ է մեկնաբանվել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարությունը, որով վերջ դրվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին։ Հայտարարության մեջ «միջանցք» բառը հիշատակվում է մեկ անգամ, և դա արվում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի համատեքստում։ Այդուհանդերձ, դա չի խանգարել ադրբեջանցիներին իրենց բուռն ցանկությունը որպես իրականության ընդունելու, այսինքն՝ ստանալ հասանելիություն «միջանցքի» (արտարածքային իրավունքով), որը կապում է Արևելյան Ադրբեջանը իր էքսկլավին՝ Նախիջևանին (և, որ ավելի կարևոր է, Թուրքիային): Նախ և առաջ եկեք տեսնենք, թե ինչ է ասվում վերոնշյալ հայտարարության 9-րդ հոդվածում.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Սխալ մեկնաբանելով և խեղաթյուրելով այս հոդվածը` Ադրբեջանը, ունենալով իր գլխավոր հովանավոր Թուրքիայի աջակցությունը, Հայաստանի նկատմամբ իրականացնում է ահաբեկման և շանտաժի քաղաքականություն։

Ակնհայտ է, որ հենց դա է պատճառը, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:05-ին, Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից մի քանի ուղղություններով ձեռնարկեց լայնածավալ ռազմական ագրեսիա։ Ադրբեջանական զինուժը, օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր, սկսեց ինտենսիվ հրետակոծել Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք համայնքները և հարակից գյուղերը։ Այս հոդվածը գրելու պահին Ադրբեջանը դեռ շարունակում էր իր հարձակումները հայկական տարածքների վրա՝ թիրախավորելով ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմն ունի 105 հաստատված զոհ, բազմաթիվ վիրավորներ, Հայաստանի 10 քառակուսի կմ տարածք օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Հավելեմ, որ իրենց հայրենիքը պաշտպանած զոհված երիտասարդ տղաներից երկուսը Արագածավանից են՝ հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող գյուղից, ուր տատս ու պապս տեղափոխվել են 1953 թվականին (ընտանիքս ծագումով Էրզրումից է) և որտեղ մեծացել է հայրս։ Այս թվերը կարող են աճել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան։ Ներկայացված քարտեզը հստակ ցույց է տալիս, որ հարձակումները տեղի են ունենում Հայաստանի ներսում՝ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում։

Հայաստանը հարձակման է ենթարկվել։ Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ է։ Հայաստանն առաջին անգամ դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ` շտապ նիստ հրավիրելու համար։ Այս կամ որևէ այլ միջազգային քննարկումների արդյունքները հնարավոր չէ կանխորոշել, բայց ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանը դատապարտված է։ Ճիշտ է, Հայաստանի հերոս զինվորները միակ «խոչընդոտն» են ադրբեջանական ներխուժման դեմ, բայց կան մի քանի քայլեր, որոնք կարող են և պետք է ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից լայնամասշտաբ պատերազմը կասեցնելու համար։

Նախ և առաջ պետք է ակտիվանան Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը դատապարտող հասցեական հայտարարությունները (ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, շատ ուրիշներ, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամներ հանդես են եկել հասցեական հայտարարություններով, որոնք մատնանշել են ագրեսորին և ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ արել)։ Ագրեսորի և նրա զոհի միջև հավասարություն դնող ցանկացած այլ հայտարարություն, բոլոր տեսակի «քաղաքական կոռեկտություն»` ուղղված «երկու կողմերին», բառացիորեն հնարավորություն է տալիս ագրեսորին գործել անպատժելիության մթնոլորտում և այդպիսով առաջացնել ավելի մեծ ավերածություններ և մահ:

Երկրորդ, զուտ տնտեսական շահերը բավարար չեն միջազգային իրավունքը ծաղրուծանակի ենթարկած պետության հետ «սովորականի պես բիզնես» շարունակելու համար, որը մարդու իրավունքների իր սարսափելի մակարդակով և ժողովրդավարության որևէ նշույլի բացակայությամբ մրցում է այլ բռնապետությունների հետ։

Այսպիսով, Բաքվի հետ բոլոր տեսակի կապերի և հարաբերությունների էական վերանայումը պարտադիր է։ Եվրոպայի մի շարք երկրների հետ հարաբերությունների 30-ամյակին ադրբեջանցի դիվանագետները խոսում են ոչ թե ընդհանուր արժեքների, այլ իրենց էներգետիկ ռեսուրսների և Եվրոպայի համար դրանց կարևորության մասին, հատկապես մոտալուտ էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո: Երբվանի՞ց նավթը դարձավ արժեք։ Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է դիտարկվի որպես էներգիայի հուսալի աղբյուր աշխարհի համար, երբ նրա ռեժիմի տեսակը, առաջարկած ծավալները, ինչպես նաև երթուղին (Թուրքիայով անցնող) կարելի է դիտարկել որպես ցանկացած բան, բայց ոչ` «հուսալի»:

Երրորդ, եթե Հայաստանի դեմ հարձակումները դադարեցնելու կոչերը ձախողվեն, և ագրեսիան շարունակվի, ապա Հայաստանին աջակցությունը պետք է մեծանա և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։

Հայաստանի վրա հարձակումների մեկնարկից հետո արևմտյան մի վերլուծաբան հուսահատության մեջ գրեց, որ «1915 թվականին ցեղասպանության ենթարկված  ժողովուրդը չի կարող խաղաղություն գտնել 2022 թվականին»։ Սա է տխուր ճշմարտությունը, և ճիշտ է նաև, որ Ադրբեջանը գոյաբանական վտանգ է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, բայց ես չեմ կարող ընդունել, որ խաղաղության հույս չկա։ Խաղաղությունը պետք է պարտադրվի, և դրա իրականացման համար Հայաստանը չպետք է և չի կարող միայնակ գործել։ Վերը նշված քայլերը եթե հետևողականորեն կիրառվեն, կարող են կասեցնել ռազմական գործողությունների ընդլայնումը ավելի աղետալի՝ լայնածավալ պատերազմի: Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է ավելի շատ հետևողականություն, շիտակություն և սկզբունքային դիրքորոշում ամբողջ աշխարհում՝ բազմակողմ և երկկողմ մակարդակներում: Իրականում, բոլոր մակարդակներում: