«Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են, և դա վայրագության վերջին աստիճանն է»,- ասել է ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետը՝ Ջերմուկ այցելած դիվանագետներին ներկայացնելով Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները։
Ասրյանը Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին ասել է նաև, որ այդ վայրագությունները կատարել են՝ չհստակեցնելով՝ այդ կինը զինծառայո՞ղ է, թե՞ քաղաքացիական անձ:
Նշենք, որ այսօր Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։ Դիվանագետները արդեն կանգ են առել Ջերմուկի ճանապարհին և նկարահանել ճանապարհը խոցած հրթիռը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնեց նաև, որ հայկական ուժերը մարտական դիրքեր են կորցրել, ադրբեջանցիները «մտել են պաշտպանության խորքը», սակայն ինչպես Ջերմուկից, այնպես էլ այլ վայրերից դուրս են շպրտվել որոշ տեղերից: Այդուհանդերձ, նախկին 11-12 կիլոմետրից այժմ 4-4,5 կիլոմետր են հեռու Ջերմուկից: Հակառակորդի մխրճման ամենամեծ խորությունը Ջերմուկում է, մյուս ուղղություններով ավելի քիչ են մտել: Ասրյանը հայտնեց, որ նաև Սևանի ափի Մարտունին է թիրախավորվել:
Դեսպանները Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանից հետաքրքրվել են, թե վերջինս ինչու է զինվորական համազգեստով, ի պատասխան նա ասել է՝ «ես նաև զինվոր եմ ու դիրքեր եմ գնում»: Դեսպաններին հաղորդվել է նաև, որ Ջերմուկում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չկան՝ չնայած ադրբեջանցիները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ի պատասխան դեսպանի հարցի՝ մարդիկ տարհանվե՞լ են, Վայոց ձորի մարզպետն ասաց, որ մարդիկ անակնկալի են եկել, մի մասը պաշտպանված վայրերում են, ապաստարաններում, մյուս մասը դուրս է եկել մոտակա վայրեր: