ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձևի ընդունման հարցում: Բանաձևն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում: