ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:
Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:
Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը»,- իր ուղերձում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ»,- ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում։
Լիագումար նիստից հետո կլոր սեղան ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցություն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։