ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնել էր Հայաստան՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև պայքարում կարևոր ճակատ։
Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցն ամփոփող հայտարարության մեջ:
«Երևանում մեր հանդիպումների ժամանակ մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր ավելի վաղ՝ մինչև սեպտեմբերի 12-ի մարտական գործողությունների մեկնարկը»,- նշել է Փելոսին։
Նա հիշեցրել է, որ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հավելել՝ Կոնգրեսը ձգտում է, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չմոռացվի:
Ներկայացուցիչների պալատի ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները թույլ տվեցին մտքեր փոխանակել Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հավելել է, որ ոգեշնչված է պատվիրակության ընդունելությունից և Վաշինգտոն է վերադառնում հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ առաջ մղելու Կոնգրեսի հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ ու խաղաղ Կովկասյան տարածաշրջանին:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր հանգստյան օրերին:
Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը խիստ հագեցած էր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, պաշտոնական մի շարք հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում ունեցել Ազգային ժողովում, ունեցել լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ, հանդիպել նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: