Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram-ալիքում հայտարարել է, որ հանրաքվեները կայանալու են, իսկ Դոնբասի հանրապետությունները և այլ տարածքներ ընդգրկվելու են Ռուսաստանի Դաշնության կազմում։
Նա նաև նշել է, որ վերամիավորված բոլոր տարածքների պաշտպանությունը զգալիորեն կամրապնդվի ռուսական բանակի կողմից, կարող են օգտագործվել ոչ միայն մոբիլիզացիոն հնարավորությունները, այլև ցանկացած ռուսական զենք, այդ թվում՝ ռազմավարական միջուկային և նոր սկզբունքներով զենք։
«Ուստի գեներալական լամպասներով տարբեր պաշտոնաթող ապուշները չպետք է մեզ վախեցնեն Ղրիմի վրա ՆԱՏՕ-ի հարվածի մասին խոսակցություններով։ Հիպերձայնը երաշխավորված կերպով կարող է շատ ավելի արագ հասնել Եվրոպայի և ԱՄՆ թիրախներին»,- գրել է Մեդվեդևը իր հրապարակման մեջ՝ նշելով, որ արևմտյան իսթեբլիշմենթը և Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, որ Ռուսաստանն ընտրել է իր ուղին: