ԱՄՆ-ի համար հատկապես կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Նա հիշեցրել է, որ սա երկու արտգործնախարարների առաջին անձնական հանդիպումն էր բռնության վերջին բռնկումից հետո։ «Պետքարտուղարը նշել է հրադադարին հետեւելու, հանգստության պահպանման կարեւորությունը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է կայուն զինադադարին եւ խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործընկերների հետ միասին աջակցել այս գործընթացին երկկողմ, բազմակողմ մակարդակով։ Դա աջակցություն է ներառում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին: Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, եւ պետքարտուղարը կողմերին հրավիրել է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարելի է մինչեւ ամսվա վերջ էականորեն առաջ տանել խաղաղ գործընթացը:
Մեր ուղերձը հետեւողական է եղել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն իրենց սկզբնական դիրքերը։ Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը եւ աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն ընդունելի միջոց չէ։ Մենք հասկացրել ենք դա մասնավոր կերպով: Մենք դա հայտարարել ենք նաեւ հրապարակայնորեն եւ ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնեց դադարեցնել մարտերը, եւ մենք կշարունակենք ներգրավվել եւ խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է տեւական խաղաղության ձերք բերման մեջ, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ասել է նա։
Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը, Փրայսը պատասխանել է, որ դա երկու երկրների որոշելիքն է լինելու։ «Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա անմիջական փոխգործակցությունը համապատասխանում է ոչ միայն նրանց, այլեւ տարածաշրջանի եւ դրանից դուրս շահերին: Մենք օգնություն ենք առաջարկել, դարձյալ երկկողմ, եռակողմ, բազմակողմ մակարդակով, եւ, իհարկե, ԵՄ-ն նույնպես կարեւոր դեր է խաղում»։
Հարցին այն մասին, որ փորձագետներն ասում են, որ ԱՄՆ-ի կոչերը վերհանդիպման համար վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն այժմ գործընթացն առաջ տանելու պլան չունի, Պետդեպի ներկայացուցիչն ասել է. «Մեր խնդիրն է մերձեցնել կողմերին, դյուրացնել երկխոսությունը, օգնել կողմերին միասին հաղթահարել տարաձայնությունները, հաղթահարել տարաձայնությունները խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։ Դա է մեր շարունակական աշխատանքը»: