ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:
Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը: