Հայաստանը պետք է ուժեղ լինի, Հնդկաստանն իր կողմից ամեն ինչ կանի. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան

 Ես ու իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերածություններին, որ տեղի են ունեցել։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, որը Հայաստանում հավատարմագրված այլ դեսպանների հետ այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։
 

«Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել եւ հրապարակայնացվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ մեր մշտական ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները եւ պահպանի հրադադարը։ Ընդհանրապես, Անվտանգության խորհրդի նիստում Հնդկաստանի ներկայացուցչն ամենախիստն է դատապարտել ագրեսորին, մեր դիրքորոշումն աներկբա էր եւ շատ պարզ»,– ասաց նա։
 

Հարցին, որ այդ հայտարարությունները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ որպեսզի ստիպի Ադրբեջանին այլեւս չխախտել հրադադարը, դեսպանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

«Կարող եմ միայն ասել, որ Հնդկաստանն իր կողմից կանի հնարավոր ամեն ինչ միջազգային իրավունքի եւ նորմերի սահմաններում։ Կարծում եմ՝ ձեր հարցի պատասխանն է՝ Հայաստանը պետք է ուժեղ լինի»,– ասաց նա։