Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է օրեր առաջ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցած նախագահների հանդիպման մասին, որին մասնակցել էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։
Առաջին նախագահը հայտնել է, որ հանդիպումից առաջ կազմել ու ներկայացրել է հանդիպման մասին հրապարակվելիք հաղորդագրության տեքստ, այն է՝ «հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը», սակայն, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, այն չի հրապարակվել, քանի որ հանդիպման մյուս մասնակիցները դեմ են եղել այս հայտարարությանը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ արտաքին մարտահրավերների ֆոնին անհրաժեշտ է իշխանության և ընդդիմության երկխոսությունը՝ նկատի ունենալով խորհրդարանական ուժերին: Քաղաքագետը ընդգծում է՝ մեր երկրի առջև ահագնացող մարտահրավերներ կան, և այլևս այլընտրանք չկա՝ այսպիսի պայմաններում պետք է փորձել ապահովել համազգային համախմբում:
«Առաջիկայում Հայաստանին սպասվում են ցավոտ ու ծանր զիջումներ: Առաջին նախագահը ճիշտ է՝ ինչպիսին էլ լինեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերը, դրանք իրենց էությամբ ցավոտ են լինելու: Ով էլ լինի ՀՀ ղեկավարը, չի կարող հրաժարվել նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ստատուս քվոյից: Ներքին համախմբվածությամբ արտաքին ռիսկերը պետք է փորձենք դարձնել կառավարելի»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:
Դիտարկմանը, որ ընդդիմադիրները չեն համաձայնել Լևոն Տեր-Պետրոսյանի համախմբման կոչին, համամիտ չեն խաղաղության ուղով գնալուն, սակայն դրա այլընտրանքն էլ չեն առաջարկում, ստացվում է, որ խաղաղության այլընտրանքը նոր պատերա՞զմն է, Սուրենյանցը դրական է արձագանքում:
«Ազգային միասնության պատասխանատվությունն առաջին հերթին իշխանության ուսերին է դրված: Իշխանությունն էլ ունի քայլեր, որոնք պետք է անի և ունի վարքագծային որոշակի կանոններ, որոնցից պետք է հրաժարվի, օրինակ, թե իրենք ամեն ինչ ճիշտ են անում, անսխալական են: Ո՛չ, իշխանությունն անսխալական չէ: Բայց սրանով հանդերձ՝ ես չեմ հասկանում խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, քանի որ նրանք այդպես էլ այլընտրանք չեն առաջարկում ստեղծված իրավիճակին: Այսօր ՀՀ-ն 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո չունի ինքնապաշտպանական այն կարողությունները, որպեսզի կարողանա արտաքին մարտահրավերները չեզոքացնել»,- ընդգծում է քաղաքագետը և հավելում՝ եթե մենք չգնանք խաղաղության, շատ թանկ գին ենք վճարելու՝ կորցնելով տարածքներ, երիտասարդ կյանքեր:
Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նկատում է՝ ինչ պայմանագիր էլ կնքվի, Նիկոլ Փաշինյանին անվանելու են «դավաճան», հարցադրմանը՝ արդյոք այս պիտա՞կն է մեր իշխանություններին խանգարում խաղաղության պայմանագրի կնքման հարցում ավելի վճռական լինել, թե՞ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն է առավել շատ խանգարում դրա իրագործմանը, Սուրենյանցն ասում է՝ երկու գործոնն էլ ազդում են:
«Մեր իշխանության մոտ քաղաքական խիզախությունը պակասում է հանրային դիմադրության պատճառով, բայց փաստ է՝ պարտված պետությունը չի կարող հաղթական պայմանագիր կնքել: Խորհրդարանական ընդդիմությունն էլ սպասում է այն պատեհ առիթին, երբ իշխանությունը կկնքի այդ պայմանագիրը, որ իրենք էլ փլատակների վրա կգան իշխանության»,- կարծում է նա:
Խոսելով այս պահին ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի և ՀՀ-ի՝ դաշնակից պետությունների հետ հարաբերություններ կառուցելու մասին՝ Սուրեն Սուրենյանցը նկատում է՝ Հայաստանը Բելառուս դառնալու իրավունք չունի, միևնույն ժամանակ, իրավունք չունի գնալու ուկրաինացման ճանապարհով:
«Ի տարբերություն ռուսամետների՝ ես Հայաստանի «բելառուսացում» չեմ պատկերացնում, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը չպետք է լինի այնպիսի ստորաքարշ կարգավիճակում, ինչպիսին Բելառուսն է: Մյուս կողմից էլ ես ճիշտ չեմ համարում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, որովհետև դրա հետևանքով մենք կարող ենք հայտնվել աշխարհաքաղաքական հակադության կենտրոնում: Հայաստանի տարածքում տեղի կունենան աշխարհաքաղաքական տարբեր շահերի բախումներ, ինչը մեզ օգուտ չի բերելու: Մենք այս պահին պետք է ձեռնպահ մնանք արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություններից՝ միևնույն ժամանակ զարգացնելով մեր հարաբերությունները աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ: Պետք է փորձենք հնարավորինս չեզոք մնալ ՌԴ-Արևմուտք հակադրության հարցում»,- համոզված է նա:
Նկատառմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, թե ԽՍՀՄ տարիներին Հայաստանը հնարավորություն ունեցավ ապրելու խաղաղ, դարձանք ազգ, որը կառուցեց իր պետությունը, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, երրորդ Հանրապետությունը չէր կայանա, և օտար զինվորի ոտք չէր մտել այդ ընթացքում Հայաստան, իսկ անցյալ տարի մտավ և այլն, հարցադրմանը՝ առաջին նախագահի այս խոսքերից շատերը եզրակացնում են, թե նա կողմ է Միութենական պետության կազմում լինելուն, ինքը այդպիսի շեշտադրում նկատե՞լ է նախկին նախագահի խոսքում, Սուրեն Սուրենյանցը շեշտում է՝ միայն քաղաքականապես բոբիկ կամ տգետ մարդիկ կարող են նման պնդում անել:
«Լևոն Տեր-Պետրոսյանը նոր միության մասին ընդհանրապես չի խոսել: Բացատրել է առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների ինստիտուցիոնալ կապը: Նա խոսում էր սովետական Հայաստանի մասին, ոչ թե գովերգում էր այն, այլ ասում էր՝ այդ կազմավորման տարիներին ձևավորվել է կառավարչական համակարգ, և ՀՀ-ն դատարկ հողի վրա չի ստեղծվել, սա կապ չունի նոր միության գովերգման հետ: Առաջին նախագահը բացատրում էր, որ չպետք է գնալ արկածախնդրության ճանապարհով, չպետք է կորցնենք մեր պետությունը, հետո զրոյից այն նորից կառուցենք»,- ասում է նա:
Հարցադրմանը՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, քաղաքագետը նշում է՝ 2001 թվականից հետո իր համար ակնհայտ է եղել, որ ՀՀ-ն պետք է խաղաղության պայմանագիր կնքի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ. «Ցավում եմ, որ մենք, երբ դեռ հաղթողի դիրքերում էինք, չգնացինք այդ գործընթացով, իսկ հիմա գնում ենք 44-օրյա պատերազմից հետո: Խաղաղության գործընթացը մեզ համար այժմ անհրաժեշտություն է: Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխիքը հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններն են»:
Ըստ նրա՝ Հայաստանն ավելի որակով արտաքին քաղաքականության կարիք ունի, չնայած այն ֆորմալ առումով վատ չէ, բայց բովանդակության բաղադրիչից զուրկ է. «Սա միայն կադրերի խնդիրը չէ: Ցանկացած քաղաքականություն, ցանկացած կարգախոս ուժեղ է, եթե ունի լավ բովանդակություն, սակայն մեզ մոտ դա բացակայում է, քաոտիկ է: Հռչակումները ճիշտ են, քայլերը՝ քաոտիկ»: