Սպասում եք, որ ադրբեջանցիներն ավարտե՞ն 1915-ի ցեղասպանությունը. Վալերի Բուայեն՝ Եվրամիությանն ու ԶԼՄ-ներին

  Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական ԶԼՄ-ներին ու Եվրամիությանը՝ Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունների վերաբերյալ անգործության համար։

 «Ֆրանսիական լրատվամիջոցներ և Եվրամիություն, դուք ինչի՞ եք սպասում, որ ինչ-որ բան անեք փոքր և ժողովրդավար Հայաստանի համար։ Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտի՞ն հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։

 Հայկական արյունն ավելի էժա՞ն է, քան ուկրաինացիներինը»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

 Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հենց Վալերի Բուայեի առաջարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որը հետագայում ընդունվեց նաև Ֆրանսիայի սենատում։

 Հիշեցնենք՝ երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիների մի խմբի:

 

Armtimes.com