Հոկտեմբերի 15-ից գիծ է դուրս բերվել մասնակիորեն հիմնանորոգված (մեխանիկական հանգույցներն ու օդաճնշակային սարքավորումներ) ևս մեկ երկվագոնանի շարժակազմ: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը:
Նա տեղեկացրեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 29-ը։
Մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանն ունի 3 միավոր 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն թեթևացնում է ուղևորների հարմարավետ ուղևորրափոխադրումը։
«Թվով 2 շարժակազմ նախատեսվում է արդիականացնել և հիմնանորոգել մոտ ապագայում։ Հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների ավարտման արդյունքում հնարավոր կլինի օրվա գերծանրաբեռնված (պիկ) ժամերին երթուղի դուրս բերել առավել տարողունակ ու հարմարավետ գնացքներ՝ թեթևացնելով ուղևորափոխադրումները»,- ասաց նա։
Միաժամանակ Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ շարժակազմերի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվելու է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։