Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է.
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ղազախստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։
Անկախության ձեռքբերումից ի վեր Ղազախստանը զգալի հաջողությունների է հասել պետականության կայացման գործում՝ իր դինամիկ զարգացող տնտեսությամբ և միջազգային ասպարեզում զբաղեցրած արժանի դիրքով։
Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցություն զարգացնելուն միտված համատեղ ջանքերը, այդ թվում՝ խոստումնալից նախագծերի իրականացման ուղղությամբ, լիովին համապատասխանում են մեր երկրների շահերին։
Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: