«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած յուրաքանչյուր անձ կստանա համարժեք պատասխան: Հայաստանի Հանրապետության մասին հայտարարությունները մեզ համար կարմիր գիծ են, որի հետ պետք է հաշվի նստի ցանկացած անձ»:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքին:
Պատասխանելով հարցին, թե ճիշտ են այն հայտարարությունները, որ Մարգարիտա Սիմոնյանի մուտքը եւս արգելվել է, Սիմոնյանն ասաց՝ նման տեղեկատվություն չունի, սակայն չի բացառում, որ թե՛ Մարգարիտայի, թե՛ վերջինիս ամուսնու կամ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալների, մանկուրտների մուտքը կարող է արգելվել:
Նշենք, որ RT հեռուստաընկերության եւ Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է:
Մարգարիտա Սիմոնյանն այս մասին հայտնել է «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: