Նախ,, իրավիճակը այդքան պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Երկրորդ, իսկ ո՞վ ասաց, որ Ալիեւը դեմ է ԱՄՆ միջնորդությանը: Բլինքենը կամ Բայդենը զանգահարել են, իսկ Ալիեւը չի՞ վերցրել հեռախոսը: Եվ երրորդ՝ Ադրբեջանը որեւէ տարբերակից անգամ երջանիկ լինելու դեպքում ամենեւին չի «ցուցադրելու» այդ երջանկությունը եւ միշտ ձգտելու է առավելագույնս «թանկացնել» իրեն:
Գոնե այսօր մեզ համար դա չպետք է լինի «անտեսանելի»: Ադրբեջանն այդպես է վարվել մոտ երեք տասնամյակ: Որովհետեւ նույն տրամաբանությամբ օրինակ Հայաստանի նախկին համակարգն է ասում՝ եթե մենք այդքան վատ պայմաններ էինք բանակցել, Ադրբեջանն ինչու՞ չէր համաձայնում կարգավորմանը:
Որովհետեւ Ադրբեջանը հստակ տեսել է իր ուժը, Հայաստանի հանդեպ ահռելի տարբերությունը, նաեւ արձանագրել աշխարհաքաղաքական դիմակայության սրացման հեռանկարը, ձեւավորել իր տնտեսա-քաղաքական, այդ թվում խորքային կոռուպցիոն կապերը թե ռուսական, թե արեւմտյան ուղղություններով եւ սկսել է խաղալ «չհամաձայնելու» վրա: Ու խաղում է առ այսօր:
Այդ այստեղ, Երեւանում են տարբեր շրջանակներից օրընդմեջ լսվում գննահատականներ, թե «Ադրբեջանը շտապում է, որովհետեւ ուր որ է Հայաստանը դառնալու է աշխարհի կենտրոն ու Բաքվի հերն անիծվելու է»: Հրամայական է նայել իրողություններին առավել սառը հայացքով: Մենք չպետք է հուսահատվենք, գլուխներս առնենք ափերի մեջ, բայց նաեւ չպետք է հայտնվենք ինչ որ գլխապտույտների մեջ, թե Ալիեւը շտապում է՝ ուրեմն մեզ համար ամեն ինչ ընթանում է ինչպես պետք է:
Բաքուն չի շտապում ոչ մի տեղ եւ փորձում է առավելագույնը քաղել բալանսի այն տարբերությունից, որ ունի այսօր իր օգտին եւ կունենա դեռ բավական ժամանակ: Այդ բալանս ասվածը միայն զենքի քանակի ու տեսակի խնդիր չէ, այլ գործոնների ահռելի բազմազանության: Ու դա թույլ է տալիս Բաքվին խաղալ «չհամաձայնելու» վրա՝ թե ռուսների, թե ամերիկացիների հետ: Կարո՞ղ է այդ խաղը ունենալ ռիսկեր: Իհարկե: Նույնիսկ ԱՄՆ համար չկա «անռիսկ» քաղաքական խաղ, ուր մնաց Ադրբեջանի: Բայց, եթե կան ռիսկեր, դեռ չի նշանակում, թե դրանք ավելին են՝ քան հնարավորությունները:
Հետեւաբար սրան պետք է կարողանանք նայել բաց աչքով եւ մտքով, հասկանալու համար նվազագույնը երկու կարեւոր բան. Հայաստանը եւս պարտավոր է խաղալ առնվազն երկու՝ թե ռուսական, թե արեւմտյան ուղղությամբ, եւ երկրորդ՝ այդ խաղում Հայաստանը պարտավոր է անել առավելագույնը՝ որեւէ ուղղությամբ մյուսի հաշվին կամա, թե ակամա չխաղալու համար: