Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի՝ Radar Armenia-ի հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունների վերաբերյալ անդրադարձին։
Հարցին, թե ինչպե՞ս կարող եք մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Բելառուսի նախագահի կողմից ՀԱՊԿ խորհրդի նիստում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ուրվագծված մոտեցումների վերաբերյալ, Բելառուսի ԱԳՆ քարտուղար Անատոլի Գլազը պատասխանել է․
«Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն շատ յուրահատուկ դիրքորոշում է ընդունել։ Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքով, այլ գործով է հաստատում իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին։ Նույնիսկ այս դժվարին պահին։ Անկեղծությունը մեր արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է։ Ուստի ապագայում մեր գործընկերներն ու դաշնակիցները կարող են վստահ լինել մեզ վրա։ Եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից կարելի էր խուսափել։
Միանգամայն պարզ է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները ոչ թե տրամաբանությունից կտրված են, այլ, ընդհակառակը, հիմնված են իրականության վրա՝ դաշնակցային առումով հասկանալի ու ազնիվ։ Հենց այս բաց ձևով, առանց քաղաքական խաղերի և ինտրիգների պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը վերաբերում է մարդկանց ճակատագրերին և կյանքին։
Գագաթնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի կողմից դրա գումարման շտապողականությունը, անցկացվել է առցանց, ներկա էր Նիկոլ Փաշինյանը, որը բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները տվեց իր գործընկերներին՝ պետությունների ղեկավարներին։ Ինչի՞ համար է Հայաստանի ԱԳՆ-ի այս ուշացած գնահատականը։
Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ այդ նպատակով զգալի ջանքեր գործադրելով բոլոր առկա ձևաչափերով՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ։ Ադրբեջանի և Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները երախտապարտ են Բելառուսի ղեկավարին՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարգավաճման անկեղծ ցանկության, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում նրա անձնական ներդրման համար։
Ուստի խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել Բելառուսի ղեկավարի բազմաթիվ ելույթներն այս դժվարին, բայց լիովին լուծելի խնդրի վերաբերյալ»,- ասել է ամլո քարտուղարը։
Հ