Ողբերգական ավտովթար-հրդեհ Երևանում․ Lexus-ը վերածվել է մոխրակույտի. shamshyan

 Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը, ապա երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Մինչ հրշեջների ժամանումը, ոստիկանության զորքերի ծառայողը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է վառվող ավտոմեքենային և այնտեղից դուրս բերել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները մարել են ավոտմեքենայում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։  Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտ պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Մհեր Կարապետյանը, Արման Խալաթյանը և կրտսեր պարեկ Սամվել Պողոսյանը։ Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։  Վթարի փաստով՝ Ա․ Համզոյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Գրիգոր Մ․-ն է։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com