Երևանի մետրոպոլիտենը 32 անվազույգի ու 200 մլն դրամի պահեստամասերի կարիք ունի. Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել խնդրով

Երևանի մետրոպոլիտենը 32 անվազույգի ու 200 մլն դրամի պահեստամասերի կարիք ունի. Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել խնդրով

 Հոկտեմբերի 6-12-ը Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 563 407 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2758 գնացք, կատարողականը` 118 տոկոս: Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

Ավինյանը հետաքրքրվեց` տեխնիկապես ինչ վիճակում է մետրոպոլիտենը, ինչին Սեդրակյանն արձագանքեց.

«Այնքան էլ լավ չի, սպասում ենք` պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ կան, որ պետք է վերանորոգենք, սպասում ենք` կառավարության կողմից ֆինանսավորում լինի` անվազույգերի և այլ մասերի»:

Նա տեղեկացրեց, որ մեկ անգամ արդեն ֆինանսների նախարարությունից մերժել են իրենց` այն հիմնավորմամբ, որ ֆինանսական այդ հատկացումը հաջորդ տարվա բյուջեում են նախատեսում: Սեդրակյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը դիմել են ՏԿԵՆ` հայտնելով, որ դա հրատապ է, չունեն անվազույգեր:

Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել այս հարցով, նաև հետաքրքրվեց` ինչ գնումների կարիք կա:

«32 անվազույգեր, մոտ 200 մլն դրամի պահեստամասեր, իսկ 4 կմ ռելսը ճանապարհին է, գալիս է, ասացին` մեկ ամսվա մեջ կհասնի»,- հայտնեց Սեդրակյանը: