Ռուսաստանում փակվում են ուղղիչ գաղութները, բառացիորեն դրանցում այլևս նստող չկա, քանի որ բանտարկյալներին զանգվածաբար ռազմաճակատ են ուղարկում։ BBC-ին և Mediazona-ն համատեղ հետաքննություն են իրականացրել, որի արդյունքում որոշ եզրակացությունների հանգել: Ռուսական գաղութների բնակչությունը նվազում է. նախկինում դրան նպաստում էր Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների ապաքրեականացումը, ինչպես նաև որոշ դատապարտյալների տեղափոխումը հատուկ տարածքներ: Հիմա՝ հավաքագրում պատերազմի համար: Դեռևս 2021 թվականին իշխանությունները հայտարարեցին բանտարկյալների և գաղութների թվի հետագա կրճատման ծրագրերի մասին, այդ թվում՝ հիբրիդային ուղղիչ հիմնարկների մեկուսացված տարածքների միջոցով, որտեղ գործում են տարբեր տեսակի ռեժիմներ, ինչպես նաև՝ բանտեր ու նախնական կալանքի կենտրոններ: Գաղութներ նախկինում էլ փակվում էին, սակայն այժմ այդ գործընթացն արագացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով։ Անցյալ ամառ Ֆինանսների նախարարությունն առաջարկեց փակել 57 գաղութ «անհարկի ծախսերի պատճառով»։ Սակայն դա պայմանավորված է ոչ թե Ռուսաստանում քրեական հետապնդման պրակտիկայի մեղմացմամբ, այլ ազատազրկվածներին զանգվածային պատերազմ ուղարկելով։ Հետաքննող լրագրողների հաշվարկներով՝ Վագների կարիքների համար բանտարկյալների «մատակարարման» համառուսաստանյան առաջնորդը դարձել է Կրասնոյարսկի երկրամասը՝ Ռուսաստանի քրեակատարողական համակարգի ամենադժվար, եթե ոչ դաժան, շրջաններից մեկը։ Վարձկանների մեծամասնությունը հավաքագրվել է թիվ 6 գաղութից։ Ավելի քան 506 ազատազրկվածներ այս գաղութից մեկնել են պատերազմի։ Նրանցից 136-ը մահացել է։ Բացի Կրասնոյարսկի երկրամասից, մեծ թվով դատապարտված վարձկաններ եղել են Իրկուտսկի, Վոլգոգրադի և Օրենբուրգի մարզերից, ինչպես նաև՝ Անդրբայկալյան երկրամասից։ Պատերազմի մեկնարկից մեկ ամիս առաջ պաշտոնական վիճակագրությամբ 465 հազար ազատազրկված կար։ 2022 թվականի աշնանը դադարեցվել է տվյալների հրապարակումը, և 2023 թվականի հունվարի 1-ին վերջին անգամ թարմացվել է վիճակագրությունը՝ 433,006 մարդ: 2023 թվականի հոկտեմբերին արդարադատության փոխնախարար Վսևոլոդ Վուկոլովը հայտարարել է ևս մեկ թիվ՝ 266 հազար։ Ըստ իրավապաշտպան Օլգա Ռոմանովայի (ընդգրկված է «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում), մոտ 200 հազար բանտարկյալ կարող էր գնալ ռազմաճակատ, ինչը միանգամայն համապատասխանում է Վուկոլովի նշած ցուցանիշին։ Միևնույն ժամանակ ուղղիչ հիմնարկներն ու քննչական մեկուսարանները շարունակում են համալրվել, այդ թվում՝ պատերազմից նոր վերադարձածների հաշվին։ BBC