Ներքին գործերի նախարարությունը հորդորում է մանիպուլացնող հրապարակումներով կասկածելի ինչ-որ դրվագներ չփորձել փնտրել կարևորագույն ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրություններում։
Բանն այն է, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել, ըստ որոնց՝ իբր ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի և Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի կենսագրականներում որոշ տարեթվերի բացակայում են տվյալները, թե այդ ժամանակահատվածում նրանք ինչով են զբաղվել:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ Արամ Հովհաննիսյանը նշված տարիներին մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը, իսկ Կամո Ցուցուլյանը պարզապես չի աշխատել։
«Թաքցնելու որևէ միտում կամ առիթ չկա և չի էլ կարող լինել։ Անհրաժեշտության դեպքում կարելի է պարզապես դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն՝ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար»,- հորդորեցին կառույցից: