Լուսացույցի դեղին և կարմիր ազդանշանների տարբերության նրբությունների մասին ոմանք չգիտեն: Վարորդների գրպանին առավել ցավոտ հարված հասցնող իրավախախտումներից մեկը հենց լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելն է։ Այդ իրավախախտման համար վարորդները կարող են տուգանվել 25․000 ՀՀ դրամ և կկիրառվի 2 տուգանային միավոր։ Շատ վարորդների մոտ կա ձևավորված թյուր կարծիք, որ լուսացույցի դեղին ազդանշանը միայն նախազգուշացնում է ազդանշանի առաջիկա փոփոխման մասին, սակայն ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ լուսացույցի դեղին ազդանշանը նույնպես արգելում է երթևեկությունը, սակայն առկա է բացառություն՝ դեղին ազդանշանը միանալու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոններով նախատեսված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը։ Կարևոր է իմանալ նաև, որ երթևեկությունը արգելվում է լուսացույցի կարմիր և դեղին ազդանշանների զուգակցման պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ դեղին ազդանշանի միանալու պահին տրանսպորտային միջոցը գտնվել է անշարժ, կամ դանդաղընթաց վիճակում։ Պահպանեք երթևեկության կանոնները: