Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։
Այս հարցերին Արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ է պատասխանել․ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։