«Մեր խնդիրն է բարելավվող շարժակազմերով համակարգը պահել կայուն». Տիգրան Ավինյան

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի մասին «Մայր Հայաստան» խմբակցության նախագծին, ասել է, որ այն տրանսպորտային համակարգի իրականության հետ կապ չունի։

 Ըստ Ավինյանի՝ ընդդիմության ներկայացրած թվերով ամեն վարորդ ամսական կարող է 1.1 մլն դրամ գրպանել. «Ստվերը նրանով է ստվեր, որ կարելի է սպեկուլյացիաներ, ենթադրություններ անել»,— ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանի գործադիր մարմինը պատկերացում ունի ստվերի ծավալների մասին։ 

 Ավինյանը հիշեցրել է, որ պետք է կառուցվեն դեպոներ, ավելանալու է շարժակազմը՝ 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս, որոնք պետք է տեխնիկապես սպասարկվեն, նաև՝ պետք է գնվի 250 էլեկտրոավտոբուս. «Արդյո՞ք մենք ուզում ենք տրանսպորտային համակարգում ունենալ շարունակական բարեփոխումներ, դրա հետ մեկտեղ կարողանալ լուծել խնդիրները, որ առկա են «Երևան ավտոբուս»-ում, իսկ խնդիրներն առկա են՝ ավելացել է ֆինանսական բեռը, տեխսպասարկումը, գազի ծախսը, որովհետև ավելացել է շարժակազմն ու գնալով ավելանալու է։ Եվ մեր խնդիրն է, որ բարելավվող շարժակազմերով համակարգը պահել կայուն, նաև՝ 10 տարի հետո ունենալ զարգացման հեռանկար»։