Բրայան Հուք․ Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվածների թիվը կարող է հազարից ավելի լինել
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանում բողոքի վերջին ցույցերի ընթացքում՝ կապված վառելիքի թանկացման և վաճառքի սահմանափակման հետ, անվտանգության ուժերի կողմից սպանվածների թիվը կարող է գերազանցել հազարը: Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը այդ մասին ասել է երեկ լրագրողների հետ զրույցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Իրանի կողմից քաղաքացիական բողոքի ճնշումը և հայտարարել, որ Միացյալ Նահանգները կլինի ցուցարարների կողքին: Իրավիճակը Իրանում որակելով «սարսափելի»՝ Թրամփը նախազգուշացրել էր, թե Թեհրանի կողմից ցանկացած նոր սպառնալիք «կոշտ դիմադրության կհանդիպի»: Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են նոյեմբերի 15-ից, երբ կառավարությունը հայտարարեց վառելիքի գների բարձրացման և վաճառքի սահմանափակման մասին:
azatutyun.am