Վարչապետը ՔԿ-ում հարցաքննվել է աղմկահարույց գաղտնալսումներին առնվող գործերով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հարցաքննվել է իր, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) այժմ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսման կապակցությամբ հարուցված գործերով։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն, որտեղ տեղի է ունեցել հարցաքննությունը։
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև՝ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատություն իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ»:
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ», — շարունակում է Քննչական կոմիտեն։
Երկու հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե:
Հիշեցնենք, 2018-ի սեպտեմբերին և դեկտեմբերին համացանցում տարածվեցին գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում Հայաստանի վարչապետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը։