Երեկ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն
Երեկ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն: Թումոյի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվեց փաստաթուղթ, որով երկու կազմակերպություններն ազդարարեցին մեծ համագործակցության սկիզբը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը 2018թ-ին շատ հաջող էր:
«Այդ օրերին նա եղավ նաև Թումոյում: Թեև Թումո այցը կարճ էր և միայն վերելակում ու միջանցքներում էր հաջողվում արագ պատմել Թումոյի հնարավորությունների մասին ու առաջարկել Գերմանիայում նույնպես ունենալ նման կենտրոն, բայց զարմանալին այն էր, որ այցից կարճ ժամանակ հետո տրվել էին համապատասխան հանձնարարականներ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Հայկական և գերմանական կողմերի ջանքերի շնորհիվ գերմանական KfW դարձավ Թումոյի գործընկերը և պատրաստվում է իր գործիքների միջոցով կենտրոններ նախաձեռնել ոչ միայն Բեռլինում, այլև գերմանական այլ քաղաքներում:
Մեր կարևոր հանձնառություններից է հայկական կրթական, նորարական ապրանքանիշերի արտահանումը: Երեկ ստորագրված փաստաթուղթը դրա լավագույն օրինակներից է»,-գրել է նախարարը: