Նիկոլ Փաշինյանին ուղղված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակն ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ էր հղել: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա: