Հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգի է ենթարկել երեք անձի.
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի՝ ամուսինների:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, իր 49-ամյա կնոջ հետ նախնական համաձայնությամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով և վտանգավոր բռնություն գործադրելով, հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգի է ենթարկել երեք անձի, այդ թվում՝ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի:
Մասնավորապես՝ ամուսինները, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մարդկանց շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու միասնական դիտավորությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող երեք անձի, որոնցից մեկը հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից, հայտնել են, որ նշված տարածքներն իրենցն են, իրենք են հսկում դրանք և մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ նշված անձինք պետք է իրենց օրեկան գումար տան: Երբ նրանք հրաժարվել են կատարել ամուսինների պահանջը, վերջիններս, ծեծի ենթարկելով և այդպիսի սպառնալիքներով, հարկադրաբար ներգրավել են նրանց մուրացկանության մեջ և 2018թ. ամռանից մինչև 2019թ. մայիսի վերջերն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի նշված բնակիչներից մեկի առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ՝ պարբերաբար ծեծի ենթարկելով և դրա սպառնալիքներով՝ ամուսինները ներգրավել են նրան անձեռոցիկների մանրածախ առևտրի մեջ՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպելով նրա կողմից ավտոմեքենաների վարորդներին անձեռոցիկների վաճառքը և վերցնելով դրա արդյունքում ստացված հասույթը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: